ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍԽԱԼ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Նախորդ համարում մենք խոսեցինք Աստվածաշնչին ճիշտ մոտենալու և նրա իրական իմաստը հասկանալու միջոցների մասին: Այս համարում պիտի խոսենք Աստծո Գրավոր Խոսքը սխալ հասկանալու, մեկնելու և գիտակցաբար կամ անգիտակցաբար նրա իմաստը խեղաթյուրելու մասին:
Մեր կարծիքով Սբ. Գրքերը սխալ հասկանալու առաջին և ամենից լուրջ պատճառը մեր չափից ավելի ինքնավստահ և անգամ ամբարտավան կեցվածքն է: Մեր օրերում շատ են այն անձինք , ովքեր իրենց համար որոշում են, թե Աստվածաշունչը ինչ է ուսուցանում այս կամ այն համարում: Նրանք ոչ միայն «հասկանում են» Սբ. Գիրքն այլ իրենց «հասկացածը» ի վերուստ տրված և անսխալ են համարում: Ավելին, կամ Աստվածաշնչի «մասնագետ-դասախոսներ», ովքեր ըստ իրենց հավաստմամբ, ավելի լավ են հասկանում Աստվածաշունչը, քան եկեղեցու սրբազան հայրերն ու անգամ Տիրոջ առաքյալները: Այսօր, ցավոք, նմանատիպ անձանց Սբ. Գրային բազմահատոր մեկնությունները ուսուցանվում են ԱՄՆ-ի գրեթե բոլոր աստվածաբանական հաստատություններում:
Նմանատիպ անձանց մոտ պակասում կամ բացակայում են երկու հիմնական հատկանիշ.
Ա. Խոնարհ և համեստ մոտեցում Սբ. Գրքերը ճիշտ հասկանալու համար
Բ. Եկեղեցու ուղղափառ մտքի կարևորության մերժում
Մեր խորին համոզմամբ այս երկու հատկանիշները կենսական նշանակություն ունեն և նրանցից մեկի կամ մյուսի բացակայությունն, որպես կանոն, Աստծո Խոսքի սխալ հասկացության է տանում:
Մերօրյա այս կեցվածքն Ընդհանրական Եկեղեցու ուսյալ հայրերի մոտեցման հետ համեմատելու համար ցանկանում ենք մեջբերել հետևյալ համոզումը. «Եթե անհատի {կյանքի} օրերը լինեն այնքան, որքան աշխարհի բոլոր օրերն են, Ադամից մինչև աշխարհի վախճանը, և նա ուսումնասիրի Սբ. Գրքերը, չի կարողանա ըմբռնել բառերի ամբողջ խորքը» ( Ափրահատ, 4-րդ դար):
ՄԵՐ ՏԵՐԸ՝ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ԵՐԲԵՒԷ ԽՈՍԵ՞Ց ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍԽԱԼ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Այո: Հիսուս փարիսեցիների և օրենսգետների ուղղված իր խոսքերից մեկում ասաց. «Հենց դրա համար չէ՞, որ մոլորված էք, քանի որ չգիտեք գրքերը և ոչ էլ Աստուծո զորությունը» (Մարկ. 12:24): Այս համարում մեր Տերը Իր խոսքն ուղղում էր ոչ թե անուս և Սբ. Գրքերին անտեղյակ անձանց (չնայած կային և այսօր էլ կան այնպիսինները, ովքեր Աստվածաշնչին բնավ ծանոթ չեն, սակայն կարծիք են կազմում նրա մասին) այլ Աստվածաշնչի թվացյալ մասնագետներին: Այդպիսիները, ինչպես հնում այնպես էլ այսօր, իրենց Սբ. Գրքերի գիտակներ են կարծում, բայց իրականում «մոլորված են», քանի որ չգիտեն Գրքերը, այսինքն՝ ճիշտ չեն հասկանում նրանք:
Այս անձինք անտեսում են Ընդհանրական և Առաքելական Եկեղեցու դարերի և անգամ հազարամյակների բովով անցած Աստվածաշնչական ուսուցումները՝ համարելով նրանք անկարեւոր և հաճախ էլ անտեղի քննում են Սբ. Գրքերը՝ փորձելով գտնել նրանց ճշմարիտ իմաստը և սխալվում են: Այսպիսիններին է, որ Սբ. Գրիգոր Տաթևացին՝ հիմք ունենալով Առակաց գրքի 30:33 համարը, զգուշացնում է. «Չափից ավելի մի կթեք Աստծո խոսքը {նրանից, ինչպես կենդանուց կաթ ստանալու համար}, քանզի եթե շարունակեք այդպես անել, {կաթի փոխարեն} արյուն կելնի» (Ձմերան հատոր, քարոզ ԿԱ):
Մեծանուն վարդապետը շարունակելով իր միտքը ուսուցանում է, որ Սբ. Գրքում կան մասեր, որոնք դյուրությամբ հասկանալի են, մասեր, որոնք դժվար հասանելի են, և մասեր էլ կան, որոնք լռությամբ պիտի հարգվեն, քանի որ նրանք մարդու մտքից վեր են: Այս վերջին միտքը յուրովի արտացոլանքն է Պետրոս առաքյալի խոսքերի. «Նախ այս բանն իմացեք, որ գրքերի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի» (Բ. Պետր. 1:20): Փաստորեն, թէ՛ առաքյալներն և թէ՛ սրբազան վարդապետը փորձում են մեզ զգուշացնել, որ Աստվածային Գրքերի ինքնագլուխ և ինքնատիպ քննություն չկատարենք: